Մարտի 1-ի մեղավորները պետք է պատժվեն: Խորհրդարանական ճեպազրույցների ընթացում նման կարծիք է հայտնել «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
«Ես իհարկե, չեմ կարող ասել, թե այդ կապակցությամբ ինչ կարծիք ունի ԵԽԽՎ-ն, սակայն մարտի 1-ը հայ հասարակության չապաքինված վերքն է, եւ լիովին դրա մասին մոռանալ հնարավոր չէ: Որպես Հայաստանի քաղաքացի, ես կարծում եմ, որ մարդկային զոհերի համար մեղավորները պետք է պատժվեն»,- ասել է Բիշարյանը:
Խոսելով 2008թ. փետրվարին Ազատության հրապարակում իր ելույթի մասին` Բիշարյանը հայտարարել է, թե իշխանափոխության կոչեր չի արել: «Խնդրում եմ ճիշտ մեկնաբանել իմ արտահայտությունները: Այո, ես ելույթ եմ ունեցել Ազատության հրապարակում նախագահական ընտրություններից հետո, երբ «Օրինաց երկիրն» իր դժգոհությունն է հայտնել ընտրությունների արդյունքներից: Այն ժամանակ մենք հայտնեցինք, որ դուրս կգանք փողոց, եթե ձայների հաշվարկը զգալիորեն ազդի քվեարկության արդյունքների վրա: Սակայն վերահաշվարկը լուրջ տարբերություններ չարձանագրեց: Որեւէ այլ պահանջ մենք չեն ներկայացրել: Պետք չէ ինձ հայտարարություններ վերագրել, թե աջակցել ենք այս կամ այն ընդդիմադիր ուժի ծրագրին»,- ասել է Բիշարյանը:




























