Հատկապես մարտի 1-ի դեպքերից հետո ակնկալել, որ առանց պատժելու մարտի 1-ի պատասխանատուներին, կունենանք որակյալ ընտրություններ, երբ դեռ չի կազմաքանդվել հանցագործ ընտրական մեքենան, առնվազն միամտություն է: Այս մասին այսօր` սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանն ու հավելեց. «Մենք իրավունք չունենք հավատալու նման ընտրությունների արդյունքներին»:
Նրա խոսքով` անցած 20 տարիների ընթացքում բոլոր վարչակազմերը, որ կառավարել են Հայաստանը, պատասխանատվություն են կրում այն վիճակի համար, որում երկիրը այսօր հայտնվել է: «Երկրի վերնախավն օտարվել է ժողովրդից, ժողովուրդը` իշխանությունից, հասարակության անդամները օտարվել են իրարից: Օտարումը տարածվում է ժողովրդի` իրենց հայրենիքի նկատմամբ»,- նշեց Գարեգին Չուգասզյանը` հավելելով, որ շատ կարեւոր մայրաքաղաքներում մեր երկիրը լիկվիդացնելու համար ծրագրեր կան գրված: Նրա խոսքով` այսօրվա քաղաքական դաշտը նման է ճահիճի եւ քաղաքական ուժերը պետք է նորովի մոտենան խնդրին: «Բոլորն են հասկանում, որ հեղափոխական վիճակ է Հայաստանում, բայց վերեւները չեն կարող, ներքեւներն էլ պատրաստ չեն»,- նշեց բանախոսը:
Գարեգին Չուգասզյանն ասաց, որ այս երկրում իշխող մի քանի տասնյակ ընտանիքները, որոնք գանգրենայի են վերածվել, պետք է զիջեն իշխանությունը, նրանցից պետք է ազատավել, Նրա կարծիքով` սնանկության եզրին կանգնած մեր երկիրը ուրիշ ճանապարհ է ընտրելու:



























