Պատգամավորի պաշտոնի եւ բիզնեսի համատեղման դեպքում յուրաքանչյուր խորհրդարանական ինքն է պատասխան տալիս իր համար։ Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանը։

Մեկնաբանելով կոալիցիա-Հայ ազգային  կոնգրես երկխոսության ժամանակ ՀԱԿ-ի կողմից հրապարակված գործարար պատգամավորների ցուցակը (131 պատգամավորներից ՀԱԿ-ը գործարար էր հայտարարել 76-ին)՝ Բալասանյանը նշեց, որ 1999 թվականի մարտից բիզնեսով չի զբաղվում։ «Ես բիզնեսը թողել եմ՝ համաձայն Սահմանադրության պահանջի, որը տարածվում է բոլորի վրա։ Ներկայումս Գյումրիի գարեջրի գործարանը ղեկավարում են որդիներս, ես այնտեղ բաժնետոմսեր չունեմ»,- հավատացրեց Բալասանյնաը։

Հարցին, թե ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկել, եթե պատգամավորներից որեւէ մեկի բիզնես-գործունեությունն ապացուցվի, Բալասանյանը պատասխանեց, որ «ոչ մի գործողություն էլ ձեռնարկել պետք չէ»։ «Ընտրված պատգամավորներից ցանկացածը, ավելի շուտ, գործարարությամբ չի զբաղվում։ Ամեն դեպքում, յուրաքանչյուր պատգամավոր պետք է պատասխանատվություն կրի իր համար։ Որպես փոխխոսնակ՝ կարող եմ կրկնել սահմանադրական պահանջն այն մասին, որ պետական պաշտոնյաները բիզնեսով չպետք է զբաղվեն։ Ես ամբողջովին սատարում եմ այս պահանջին»,- ասաց Բալասանյանը։