Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցում 3 տարի առաջ սկսված վերականգնման աշխատանքները դեռեւս ավարտին չեն հասցվել եւ եկեղեցին թողնված է բախտի քմահաճույքին:

Ինչպես տեղեկացնում է Diyarbakirhaber-ը, եկեղեցու հարեւանությամբ գտնվող տաղավարներից մեկի սեփականատեր Ազիզ Թոհումջուն, ով ստանձնել է 16-րդ դարում կառուցված հայկական եկեղեցու պահպանումը,  նշել է, թե արդեն մեկ տարի է՝ եկեղեցում ոչ մի շինարարական աշխատանք չի կատարվել: «Այս տեսարանն իմ խղճի վրա ազդում է, դրա համար էլ ցերեկները ինքնակամ հսկում եմ եկեղեցին, որ ոչ ոք վնաս չտա: Եթե ես չհսկեմ, այստեղ կհավաքվեն թմրամոլները, մարմնավաճառները, իսկ գողերը մեկ օրում կմաքրեն եկեղեցում գտնվող շինարարական գործիքներն ու եկեղեցու տախտակները»,-ասել է Թոհումջուն՝ նշելով, որ եկեղեցու այցելուներին դիմավորում են բակում գտնվող շինարարական գործիքները:

Եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավար Շահաբեթին Այաթան նշել է, թե 2008-2009 թվականներին նախագիծը չի հասցվել ավարտին եւ վերանորոգման աշխատանքները հետաձգվել են: