Եթե ընտրությունները տեղի ունենան մոտակա կիրակի, խորհրդարան կանցնեն Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, ՀՅԴ-ն եւ Հայ ազգային կոնգրեսը։ Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կանխատեսում արեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Մնացած ուժերը 5 տոկոսի շեմին են, եւ խորհրդարան անցնելու նրանց հնարավորություններին ավելի թերահավատորեն եմ մոտենում»,- նկատեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ իր կանխատեսումները 2012-ի գարնան համար չեն, այլ ամենամոտ ժամկետների։
Իսկանսդարյանը վստահություն հայտնեց, որ ցանկացած քաղաքական ուժ կամ անհատ, ով մինչեւ Ազգային ժողովի ընտրությունները դուրս կգա ՀԱԿ-ի կազմից, միանշանակորեն կզրկվի խորհրդարանում հայտնվելու հնարավորությունից։ «Դա մեծ սպառնալիք է. այն մարդն, ով դուրս կգա ՀԱԿ-ից, ընտրությունների ժամանակ չի հավաքի որեւ բան՝ նման ՀԱԿ-ի ունեցած վարկանիշին։ Շատ եմ կասկածում, որ ՀԱԿ-ից դուրս եկած ուժերը բավարար ռեսուրսներ ունենան՝ առանձին հայտնվելու Ազգային ժողովում։ Դա նրանց համար ուղղակի քաղաքական կորուստ կլինի»,- ասաց Իսկանդարյանը։Ամփոփելով՝ Կովկասի ինստիտուտի տնօրենը հիշեցրեց, որ ՀԱԿ-ի գործելաոճն աշխատանքն է դժգոհ ընտրազանգվածի հետ։ «Երկրում մեծ թվով դժգոհ մարդիկ կան, եւ որպեսզի դժգոհությանը քաղաքական ուղղվածություն տրվի, ՀԱԿ-ն այդ ուղությամբ աշխատում է։ ՀԱԿ-ը միշտ պետք է քննդատի իշխանություններին, եւ կախված նրանից՝ որքան նուրբ կաշխատի նա երկխոսության ֆոնին դժգոհ ընտրազանգվածի հետ, այնքանով հաջողությունների կհասնի ընտրությունների ժամանակ»,- ասաց Իսկանդարյանը։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2012 թվականի մայիսին։




























