Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, այսօր` սեպտեմբերի 16-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հրավիրել է ընդունելություն, որին մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու սպասավորներ, մտավորականներ, սպորտի բնագավառի ներկայացուցիչներ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահի հրամանագրերով ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ Հայ առաքելական եկեղեցու մի խումբ բարձրաստիճան հոգեւոր այրեր, ինչպես նաեւ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում ակնառու նվաճումների հասած եւ համընդհանուր ճանաչման արժանացած մի խումբ անձինք պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության շքնաշաններով եւ մեդալներով:
Պատվավոր կոչումների եւ պարգեւների մի մասը Հանրապետության ղեկավարի կողմից հանձնվել է այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ մինչ տոնական ընդունելությունը:
Նախագահը շնորհավորել է պետական բարձր պարգեւների արժանացածներին եւ մաղթել հաջողություններ:































