Եվրոգոտին եւ ընդհանուր առմամբ Եվրամիությունը, ամենայն հավանականությամբ, ձմռանը կկարողանան խուսափել ռեցեսիայից։ Եվրոգոտու տնտեսությունը 2022 թվականի չորրորդ եռամսյակում, հակառակ կանխատեսումների, չի կրճատվել, իսկ ընթացիկ տարվա համար ակնկալվում է 0,9 տոկոս աճ։ Երկուշաբթի՝ փետրվարի 13-ին այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովը (ԵՀ): Սպասվում է, որ եվրոգոտում գնաճը կկազմի 5,6 տոկոս (կանխատեսվում էր 5,9 տոկոս)։
Դեռ 2022 թվականի աշնանը Եվրահանձնաժողովը շատ մռայլ պատկեր էր կանխատեսել հատկապես Գերմանիայի համար։ Ընդհանուր առմամբ ԵՄ-ի համար ԵՀ-ն ակնկալում էր, որ 2023 թվականին աճը կկազմի ընդամենը 0,3 տոկոս, իսկ Գերմանիայի համար ՀՆԱ-ն կնվազի 0,6 տոկոսով: «Աշնանային կանխատեսումներից հետո բարենպաստ միտումները բարելավել են այս տարվա տնտեսական աճի հեռանկարները», - նշել են Եվրահանձնաժողովում:
Եվրահանձնաժողովն ընդհանուր առմամբ ԵՄ-ի համար այժմ կանխատեսում է 0,8 տոկոս տնտեսական աճ, Գերմանիայում ՀՆԱ-ի աճը կկազմի 0,2 տոկոս։ Սպասվում է, որ միայն Շվեդիայում տնտեսությունը կկրճատվի 0,8 տոկոսով:





























