Լիբիայի ժամանակավոր կառավարությանը՝ Ազգային անցումային խորհրդին չի հաջողել նոր կառավարություն կազմավորել։ Ազգային անցումային խորհրդում գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում առաջադրված Մահմուդ Ջիբրիլի թեկնածությունը մերժել են կոմիտեի գործող անդամները։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Reuters գործակալությունը, Ազգային անցումային խորհուրդը նոր Սահմանադրության ստեղծման, ինչպես նաեւ 20 ամսվա ընթացքում ընտրությունների կազմակերպման մասին փաստաթուղթ է կազմել։
Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչ Ջալլալ էլ Գալլալը լրագրողներին հայտնել է, որ Ազգային անցումային խորհուրդը որոշել է կառավարության կազմը կրճատել։ 36 պորտֆելները նվազեցվել են մինչեւ 24-ի, սակայն որոշ թեկնածուների շուրջ դեռեւս քննարկումներ են ընթանում։
Հիշեցնենք, որ Լիբիայում Մուամար Քադաֆիի հակառակորդներին հաջողվել է իշխանություն հաստատել պետության գրեթե ողջ տարածքի վրա։ Հայաստանը Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը ճանաչել է իշխանության միակ լեգիտիմ մարմինն այդ երկրում։




























