ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա նստաշրջանին մասնակցելու համար Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ուղեւորվում է Նյու Յորք։
Նա հանդես կգա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի քաղաքական քննարկումների շրջանակներում եւ «կներկայացնի Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Ռուսաստանի մոտեցումները գլոբալ եւ եվրոպական անվտանգության ապահովման, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցերին՝ այդ թվում Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում»,- հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
«Նստաշրջանի շրջանակներում, բացի երկկողմ հանդիպումներից, Լավրովը կմասնակցի նախարարական մի շարք նիստերի. խոսքը «ութնյակի», մերձավորարեւելյան «քառյակի» նախարարական նիստի մասին է, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամների հանդիպման մասին»,- կոնկրետացրել է Լուկաշեւիչը։ «Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կկայանան նաեւ ՀԱՊԿ-ի, արագ զարգացող երկրների՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Համագործակցության շանհայյա կազմակերպության ԱԳ նախարարների հանդիպումներ։ Բացի դրանից, Լավրովը կհանդիպի նաեւ Եվրամիության ԱԳ նախարարների եւ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի հետ»։
1992 թվականին հիմնադրված ՀԱՊԿ-ի անդամներ են հանդիսանում Ռուսաստանը, Հայաստանը, Բելոռուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանն ու Ղրղըզստանը։



























