Ցանկացած ռազմական շքերթ, բացի գեղեցիկ ու ոգեւորիչ լինելուց նաեւ զինված ուժերի հաշվետվություն է երկրի բնակչությանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ շքերթներով կարելի է հստակ գնահատական տալ բանակի շարային պատրաստվածությանը։ «Ռազմական շքերթն ավելի շատ մեծ, գեղեցիկ միջոցառում է, որով կարելի է կարծիք կազմել շարային պատրաստվածության մասին, ինչպես նաեւ մասամբ հասկանալ տեխնիկական եւ հանդերձանքի հագեցվածությունը»,- ասաց փորձագետը։
Ըստ նրա՝ Հայաստանի անկախ պետականության վերջին 20 տարիներում տեղի ունեցած ռազմական շքերթների համադրման դեպքում հասկանալի է դառնում զինված ուժերի զարգացումը։ «Անկախության 20-ամյակին նվիրված շքերթում կցուցադրվեն հարձակողական եւ պաշտպանողական որոշակի զինատեսակներ։ Կարող են լինել անակնկալներ հայրենական ռազմաարդյունաբերության արտադրանքից»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ անկախության 20-ամյակին նվիրված զինված ուժերի շքերթը տարածաշրջանի պետություններին հայկական բանակի սպառազինման մասին բավարար չափով պատասխաններ կտա։




























