Ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը դեմ է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականի պահանջին: Այդ մասին նա հայտնել է սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Մարդ կախելով ոչ մի բանի չես հասնի, պետք է նորմալ աշխատել: Սեյրան Օհանյանն իմ մարտական ընկերն է, նորմալ մարդ է, չեմ կարծում՝ նրան փոխելով ինչ-որ բան կփոխվի»,- նշել է Հայ ազգային կոնգրեսի անդամը:
Սասուն Միքայելյանը նաեւ չի ցանկանում մեկնաբանել հայկական բանակում ստեղծված իրավիճակն ու ցավալի միջադեպերը, քանի որ անձնապես ծանր է տանում նման միջադեպերի առկայությունը: «Ծանր եմ տանում, չեմ ցանկանում պատասխանել: Բանակաշինության մեջ նաեւ ես եմ եղել: Երիտասարդ բանակում նման բաներ չպետք է լինեն, եթե երկրում օրենքը գործի:Ըստ Միքայելյանի, Հայաստանի 20-ամյա անկախության ամենամեծ ձեռքբերումը Ղարաբաղն է: «Այս տարիներին մենք կարողացանք հասնել մեր պապերի դարավոր երազանքին, այսինքն՝ մեր հողն ազատագրվեց թուրք ասքյարից, ոչ միայն Ղարաբաղն, այլեւ Հայաստան աշխարհը»,- ասել է Սասուն Միքայելյանը:
Խոսելով պատերազմի վերսկսման հնարավորության մասին` Միքայելյանն ասել է, թե պատերազմի հավանականությունը մեծ է, սակայն չի կարծում, որ այսօր կարող է պատերազմ լինել: «Բայց պատերազմը միշտ անխուսափելի է, եւ մենք պետք է միշտ պատրաստ լինենք դրան»,- նշել է ազատամարտիկը:




























