Հայաստանի հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում այսօր` սեպտեմբերի 19-ին, ժամը 17.30-ին, կգումարվի հանձնաժողովի արտահերթ նիստ: ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ արտահերթ նիստի օրակարգի միակ հարցը ԿԸՀ նախագահի ընտրությունն է: Ընթացակարգը, նրա խոսքով, այսպիսին է` առաջադրվելու է թեկնածուն, իսկ անդամները քվեարկելու են:
NEWS.am-ի տեղեկություններով` ԿԸՀ նախագահ կընտրվի Տիգրան Մուկուչյանը:Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Տիգրան Մուկուչյանը նշանակվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 14-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանի լիազորությունները 2011 թվականի սեպտեմբերի 15-ից դադարեցնելու մասին: Այդ պաշտոնը թափուր է մնացել Գարեգին Ազարյանի հանկարծակի մահից հետո: Նշենք, որ Տիգրան Մուկուչյանը 1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է ԿԸՀ անդամ եւ երբ ընդդիմությունը ՍԴ-ում վիճարկում էր ընտրությունների արդյունքները, նա ՍԴ-ում ներկայացնում էր ԿԸՀ-ի շահերը, որի որոշմամբ նախագահ էր ընտրվել Լեւոն Տեր-Պետրոսյանը:




























