Թուրքիան չի ընդունում «ռազմավարական համագործակցություն» ձեւակերպումը, որը Թուրքիայի հանդեպ առաջարկել է կիրառել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ադբուլլահ Գյուլը` ԳՖՀ-ի նախագահ Քրիստիան Վուլֆի հետ, սեպտեմբերի 19-ին, կայացած համատեղ ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով, Թուրքիան մտադիր չէ հրաժարվել ԵՄ-ին անդամակցելու մտադրությունից եւ «պետք է հնարավորություն ստանա հաջողությամբ ավարտել դադարեցված բանակցությունները», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Քրիստիան Վուլֆն այդ բանակցությունները համարել է արդար եւ բաց` արդյունքի հասնելու համար: Գերմանիան այստեղ միջնորդ դեր է խաղում եւ քննատատաբար չէ տրամադրված Թուրքիայի` ԵՄ մտնելու հարցի կապակցությամբ, նկատել է գերմանական պետության ղեկավարը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Գերմանիա այցի նախօրեին Թուրքիայի նախագահը Suedeutsche Zeitung-ին տված հարցազրույցում անթույլատրել էր համարել, որ ԳԴՀ այցելելու համար Թուրքիայի քաղաքացիներից վիզա են պահանջում, մինչդեռ գերմանացիները կարող են ազատ այցելել Թուրքիա:
Նախագահը եւս մեկ անգամ շեշտել է, որ Թուրքիան առաջվա պես ձգտում է ԵՄ: Նրա խոսքով, երկիրը բեռ չի դառնա եվրոպական պետությունների համար, ընդհակառակը թուրքական հզոր տնտեսությունը կօգնի ԵՄ-ին հաղթահարել ճգնաժամը:
Հիշեցնենք, որ 2011 թ. սկզբին, երբ Էրդողանը այցելեց Կիպրոս, Մերկելը մեղադրեց Թուրքիային` Կիպրոսի խնդրի լուծմանը խոչընդոտելու մեջ: Դրան կոշտ ձեւով արձագանքեց Թուրքիայի վարչապետ Էրդողանը` խորհուրդ տալով Մերկելին վերընթերցել պատմության դասագրքերը:



























