Օսլոյի դատարանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, քննարկում է ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկի նախնական ձերբակալության ժամկետի երկարաձգման հարցը։ Այս նիստը պետք է դառնար առաջին բաց նիստն դատական գործընթացում, սակայն լրագրողների եւ զոհվածների ընտանիքների սպասումները չեն արդարացել։ Նորվեգացի ոստիկանները նշել են, որ Բրեյվիկը կարող է օգտվել առիթից եւ փորձել իր համախոհների հետ կոնտակտ հաստատել, եւ դատական նիստը որոշվել է անցկացնել փակ դռների հետեւում:

Փաստաբան Գեյր Լիպեստադի խոսքով, նրա պաշտպանյալն ինչ-որ բան է գրել եւ մտադիր է դատի ժամանակ ընթերցել։ «Նա իրավունք ունի բացատրություններ տալու, եւ դա փակ նիստ է։ Դրա համար էլ ես կարծում եմ, որ նա հնարավորություն կունենա ասել այն, ինչ մտածել է»,- ասել է Լիպեստադը, հայտնում է MIGnews.com-ը։

Առաջին դատական լսման ժամանակ Բրեյվիկը հատվածներ էր կարդացել իր հռչակագրից, սակայն դատարանն ընդհատել էր նրան:

Կրկնակի ահաբեկչությունը Նորվեգիայում տեղի էր ունեցել հուլիսի 22-ին։ Սկզբում պայթյուն էր  տեղի ունեցել Օսլոյում`  կառավարական շենքերի մոտ,  իսկ մի քանի ժամ անց ոստիկանական համազգեստով տղամարդը  գնդակոծության էր ենթարկել մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Ուտոյա կղզում կառավարող Նորվեգական աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարը: Ողբերգությանը զոհ էր գնացել առնվազն 77 մարդ:

Ահաբեկիչը` 32-ամյա Անդերս Բրեյվիկը դատարանում հայտարարել էր, թե փորձել է փրկել Նորվեգիան: Ահաբեկչությունից առաջ նա համացանցում մանիֆեստ էր հրապարակել, որում դատապարտում էր բազմամշակութայնությունը  եւ առաջարկում  Եվրոպայից ոչ եվրոպացիների արտաքսման եւ իսլամի ճնշման իր պլանը: Նա  հայտարարել էր,  որ ունի Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից, Ավստրալիայից, Հարավային Աֆրիկայից, Հայաստանից, Իսրայելից եւ Հնդկաստանից  կողմնակիցների` «մշակութային պահպանողականների» 8000 էլեկտրոնային հասցեներ: