Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին տուբերկուլյոզով հիվանդանալու վտանգ է սպառնում, կարծում են նրա համախոհները: «Ուրբաթ օրը մեզ հայտնի դարձավ, Յուլյա Վլադիմիրովնայի մեկուսարանի հարեւանությամբ գտնվում է քննչական մեկուսարանի բուժկետը, որտեղ գտնվում են տուբերկուլյոզով հիվանդ մարդիկ: Դա մեծ վտանգի տակ է դնում նրա առողջությունն ու կյանքը»,-ասել է նրա իրավաբանը` Սերգեյ Վլասենկոն, հաղորդում է «Բատկիվշինի» մամուլի ծառայությունը, որը մեջբերում է ուկրաինական լրատվամիջոցները:

Վլասենկոն նաեւ հիշեցրել է, որ Յուլիա Տիմոշենկոն արդեն 46 օր է, ինչ գտնվում է Լուկյանովյան քննչական մեկուսարանում:

«Նրա առողջական վիճակը վատթարացել է այն ախտանշաններով, որոնք մեզ հայտնի են, բացի այդ նա հիվանդ է, ջերմություն ունի»,-հաղորդել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Յուլյա Տիմոշենկոյի դատավարությունը հետաձգվել է մինչեւ սեպտեմբերի 27-ը: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը նախկին վարչապետին մեղադրում է 2009 թվականին «Գազպրոմի» եւ Ուկրաինայի «Նավթոգազ» ընկերության միջեւ համաձայնագիր կնքելիս լիազորությունները չարաշահելու մեջ: Տիմոշենկոն օգոստոսի 5-ից գտնվում է կալանքի տակ: