Ազգային ժողովի բակում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցել են նախկին Գերագույն խորհրդի,նախկին եւ ներկայիս Ազգային ժողովի բոլոր գումարումների պատգամավորները։ NEWS.am-ի թղթակիցն այս մասին հայտնում է խորհրդարանից։
Տոնական միջոցառմանը չեն մասնակցել արմատական ընդդիմության՝ Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր նախկինում եղել են Ազգային ժողովի կամ Գերագույն խորհրդի պատգամավորներ։ Նախորդ ԱԺ-ից ներկա են եղել Աշոտ Բլեյանն ու Գերագույն խորհրդի նախկին փոխնախագահ Արա Սահակյանը։
Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։
Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել է, որ օրինաստեղծ աշխատանքի կապակցությամբ «Մխիթար Գոշ» մեդալով պարգեւատրվել են մի շարք պատգամավորներ՝ Վարդան Այվազյանը, Ռուզան Առաքելյանը, Վոլոդյա Բադալյանը, Անահիտ Բախշյանը, Հեղինե Բիշարյանը, Ռուստամ Գասպարյանը, Ռուբեն Գեւորգյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վազդեն Կարախանյանը, Գեղամ Ղարիբջանյանը, Արտյուշա Շահբազյանը, Գալուստ Սահակյանը, Միքայել Վարդանյանը եւ Գագիկ Մինասյանը։
Տեղի է ունեցել նաեւ հյուրասիություն. բոլոր պատգամավորները մոտեցել են Հայաստանի նախագահին, բաժակ բարձրացրել եւ շնորհավորել Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ։
Միջոցառմանը ներկա են եղել նաեւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը, Խաչիկ Ստամբոլցյանը եւ այլոք։




























