Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` սեպտեմբերի 19-ին, ընդունել է Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ալաա ադ-Դին Սաադ էլ-Լեյթի՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով նորանշանակ դեսպանին` արտգործնախարար Նալբանդյանը հաջողություններ է մաղթել վերջինիս` հույս հայտնելով, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-եգիպտական ավանդական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար, նշելով, որ իր երկիրը շահագրգռված է առավել ամրապնդելու հայ-եգիպտական` դարերի պատմություն ունեցող փոխհարաբերությունները եւ վստահեցրեց, որ կանի առավելագույնն այդ ուղղությամբ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-եգիպտական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող գործընթացներին: