Խորհրդարանում պետք չեն այնպիսի մարդիկ, ովքեր ակտիվորեն չեն զբաղվի օրինաստեղծ աշխատանքով։ Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը՝ կրկնելով օրեր առաջ հայաստանյան պարբերականներից մեկին տված հարցազրույցում արտահայտած իր այն միտքը, թե ՀՀԿ-ին մումիաներ պետք չեն։ 

«Նման պատգամավորներ մեր հասարակությանը, մեր ժողովրդին պետք չեն։ Հասարակությունն անընդհատ նայում է օրենսդիր մարմնին, այն կարծես հասարակության դեմքը լինի։ Խորհրդարան պետք է գնան մարդիկ, ովքեր կզբաղվեն օրինաստեղծ գործունեությամբ։ Ինչ վերաբերում է մումիաներին, սա հումորով եմ ասել։ Մումիաներ խորհրդարանում չկան, դրանք շատ թանկ արժեն եւ բուրգերում են պահվում։ Եվ ոչ ոք չի թողնի, որ մենք դրանց Ազգային ժողով տանենք»,- ավելացրեց ՀՀԿ-ական պատգամավորը։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ թերթերից մեկին տված հարցազրույցում Ռազմկ Զոհրաբյանն ասել էր, որ «Կուսակցությունները ցուցակ են վերցնում այն մարդկանց, ովքեր լինելու են ակտիվ պատգամավորներ, այլ ոչ թե քարի նման նստեն: Եթե օրենքներից լավ են հասկանում եւ ընդունում են մեր կուսակցության ծրագիրն ու գաղափարախոսությունը, մենք նրանց կտանենք խորհրդարան: Մեզ մումիաներ պետք չեն: Իսկ համամասնական ցուցակի դեպքում էլ մենք ավելի քան 135 000 անդամ ունենք, պատկերացրեց` ինչ մեծ ընտրություն է լինում 50-60 հոգու համար: Դրա համար էլ ճիշտ է, ամենաակտիվներին ուղարկել խորհրդարան»։