Շարքային քաղաքացին մտածում էր, որ անկախություն ստանալուց հետո ամեն ինչ վառ գույներով է լինելու, բայց այդպես չեղավ։ Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

Վերհիշելով, դեռեւս խորհրդային տարիներին ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության պայքարն անկախության համար, Զոհրաբյանն ասաց. «Խորհրդային միությունը, բնականաբար, պետք է վարկաբեկեր Ազգային միացյալ կուսակցության նախաձեռնած շարժումը եւ հայտարարեր, որ նրանք զբաղվում են ոչ թե սահմանադրական ճանապարհով Հայաստանի անկախություն հռչակելով, այլ ահաբեկչությամբ։ Մինչեւ 1991 թվականի Անկախության հանրաքվեն Հայաստանում նախորդել են դեպքեր, իրադարձություններ, երբ ընդհատակում գործում էր Ազգային միացյալ կուսակցություն անունով կազմակերպություն եւ պայքարում Հայաստանի անկախության համար»:Նրա խոսքով, ԱՄԿ-ի ծրագրի հիմնական կետերն էին հանրաքվեի ճանապարհով Հայաստանն անկախ պետություն հռչակելը եւ Խորհրդային միությունից անջատվելը։ «Բնականաբար, ընդհատակյա գործունեությամբ զբաղվող մարդիկ հետապնդվում էին ու ձերբակալվում։ Բայց ԱՄԿ-ն արդարացրեց իրեն եւ պայքարը բերեց-հասցրեց մինչեւ 88 թվական»,- հիշեց ՀՀԿ-ական գործիչը:

Ամփոփելով՝ Ռազմիկ Զոհրաբյանը նկատեց, որ իրենք այն ռոմանտիկներից չէին, ովքեր կարծում էին, որ եթե Հայաստանն անկախություն հռչակեց, ամեն ինչ այնուհետ փայլուն է լինելու։ Զոհրաբյանի խոսքով, կար գիտակցություն, որ բազմաթիվ դժվարություններ են լինելու, որ Խորհրդային սոցիալիստական համակարգից անկախ պետականության կապիտալիստական տնտեսության անցում կատարելը ցնցումներ է բերելու:«Շարքային քաղաքացին, մինչդեռ մտածում էր, որ անկախություն ստանալուց հետո ամեն ինչ վառ գույներով է լինելու, բայց այդպես չեղավ։ Այդուհանդերձ դիմացանք ատամ ատամի սեղմելով, կամքի ուժով։ Ուզում եմ մեջբերել Հայաստանի նախագահի խոսքերը. Մենք 20 տարի հետո մեր սերունդն ավելի լավ է ապրելու, քան` մենք»: