Երեւանում, այսօր` սեպտեմբերի 20-ին, տեղի է ունենում Մատենադարանի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը: Այն մեկնարկել է հոգեւոր տեքստով, հոգեւորականները շարականներ են երգել: Հանդիսավոր արարողությանը ներկա են ՀՀ եւ ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ինչպես նաեւ մասնաշենքի ճարպատապետ Արթուր Մեսչյանը:

Այս պահին նախագահը եւ մնացած բոլոր բարձրաստիճան հյուրերը շրջայց են կատարում Մատենադարանի նորակառույց մասնաշենքում:Մասնաշենքի շինարարությունը սկսվել է դեռեւս 1988 թվին, ըստ ճարպարապետ Արթուր Մեսչյանի նախագծի եւ անավարտ թողնվել երկրաշարժի հետեւանքով: Շինարարական աշխատանքները վերսկսվել են 2008 թվին: Նոր մասնաշենքի ընդհանուր մակերեսը 11 հազար 358 քառակուսի մետր է, եւ այն իր չափերով երեք անգամ գերազանցում է գործող մասնաշենքի մակերեսին, որն ընդգրկում է 3300 քառ. մետր տարածք:

Նոր մասնաշենքը նախատեսված է գիտահետազոտական գործունեության,  ձեռագրային արխիվային փաստաթղթերի եւ գրադարանային ֆոնդի պահպանման եւ թվայնացման համար եւ հագեցած է նորագույն համակարգերով: Սարքավորումները ձեռք են բերվել եվրոպական մի շարք երկրներից: Վերակառուցման նախագծային արժեքը կազմում է 3534,4 հազար դոլար: Ձեռագրական ֆոնդում ներկայումս պահվում է 18 հազար ձեռագիր: