Ոչ մի վատ բան չկա, որ ռուսական զորամիավորումները մասնակցելու են վաղվա շքերթին: Այդ մասին սեպտեմբերի 20-ի ասուլիսում հայտարարել է ԱԻՄ-ի ղեկավար Պարույր Հայրիկյանը:
«Ես դեմ չեմ դաշնակցային հարաբերություններին, ես ուրախ կլինեի, եթե այդ օրը Հանրապետության հրապարակով անցնեին վրացական, ամերիկյան զորքերի ստորաբաժանումները Հայաստանի նախագահի ներկայությամբ եւ Հայաստանի պետական դրոշի ներքո»-,հայտարարել է Հայրիկյանը:
Սակայն, Հայրիկյանի խոսքով, շատ վտանգավոր է այն հանգամանքը, որ հայ-ռուսական պայմանագիրը միակն է աշխարհում, որը չի պարունակում կետ պայմանագրի չեղյալ հայտարարման մասին. «Իսկ այն, որ ռուսական զինծառայողները կմասնակցեն շքերթին եւ պատիվ կմատուցեն Հայաստանի ղեկավարությանը, դրանում ոչ մի վատ բան չկա: Աստված տա, որ մի օր հրապարակով անցնեն ադրբեջանական եւ թուրքական զորքեր»:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթին, սեպտեմբերի 21-ին, մասնակցելու են նաեւ ռուսական 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները:




























