Եթե Հայաստանը շարունակի իր շատ լավ աշխատանքը բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ապա միանշանակ կհամապատասխանի ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքականության սկզբունքներին: Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Բրյուսելում ՀՀ նախագահ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում:
«Որքան Հայաստանը շատ խորանա բարեփոխումների ուղղությամբ, այնքան ավելի շատ օժանդակություն կստանա ԵՄ-ից՝ ուղղված բարփոխումների իրականացմանը: «Ավելին` ավելիի դիմաց» պայմանը գործելու է մեր բոլոր հարեւանների նկատմամբ»,- ասել է Ֆյուլեն, տեղեկացնելով, որ Հայաստանի վարչապետից ստացել է Հայաստանի բարեփոխումների նոր օրակարգը:
«Պայմանավորվել ենք մեր հետագա քայլերի շուրջ, որոնք համահունչ կլինեն Հայաստանի նախագահի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահի միջեւ համաձայանեցված գործողություններին, թե ինչպես համատեղ ձեւավորել այն գործիքակազմը, որը կօգնի մեր հայ գործընկերներին, որպեսզի նրանք կատարելագործեն բարեփոխումների կառավարումը: Շատ կարեւոր է, որ ողջ հայ ժողովրդին տեղեկացնենք, որ այն, ինչ անում ենք՝ կոնկրետ օգուտներ է բերելու»,- ընդգծել է Շտեֆան Ֆյուլեն:
Նրա ներկայացմամբ, ԵՄ-ի նոր հարեւանության քաղաքականության մեջ, որը վերանայվել է հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի կողմից, ձեւավորված են նոր սկզբունքներ, որոնցում մանրամասնեցվել են կոնկրետ գործիքներ: «Շուտով Արեւելյան գործընկերության քաղաքականության ծրագրի մասնակից պետությունների համար մենք հայտարարելու ենք «Օժանդակություն գործընկերների բարեփոխումներին եւ ներառական աճին» խորագրով երկամյա ծրագրերի նոր փաթեթի մասին, որի շրջանակում առաջիկա երկու տարիների ընթացքում լրացուցիչ գումարներ կարող են հատկացվել վերջիններիս: Այն պետությունները, որոնք իսկապես խորը բարեփոխումների ուղիով կգնան, կարող են ավելին ակնկալել Եվրամիության կողմից, այդ թվում նաեւ ֆինանսների տեսքով: Այսօրվա միտումները պահպանելու դեպքում Հայաստանը հայտնվում է շատ լավ դիրքերում, որպեսզի ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնող թեկնածուներից մեկը լինի այդ «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքից օգտվելու համար»,- նշել է նա:



























