Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակից ելնելով` շատ քաղաքացիներ անբարեհամբույր ձեւով կարող են արտահայտվել անկախության մասին, սակայն գործնականում ամեն ինչ այլ է. երկրի յուրաքանչյուր քաղաքացի բարձր է գնահատում անկախությունը: Այդ մասին սեպտեմբերի 20-ին կայացած ասուլիսում հայտարարել է ԱԻՄ-ի ղեկավար Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքով, եթե ավագ սերնդի ներկայացուցիչները երբեմն կարոտախտով են հիշում Խորհրդային Միությունը, ապա ներկայիս երիտասարդությունը նույնիսկ չի պատկերացնում, թե ինչպես կարելի է լինել կախյալ պետություն:
Հիշելով Հայաստանի անկախության կայացման փշոտ ճանապարհը` Հայրիկյանը նշել է, որ կենտրոնական իշխանությունը անում էր ամեն հնարավորը, որ նույնիսկ մտավորականության ներկայացուցիչները եւ հասարակ ժողովուրդը պատկերացում չունենան անկախության մասին. «Սակայն մեզ հաջողվել է ցանել ազատասիրության սերմերը, եւ ժողովուրդը բռնեց անկախության ձեռքբերման ուղին»:
Հայրիկյանը արտահայտել է իր անհամաձայնությունը Անկախության օր ձեւակեպման վերաբերյալ. «Անկախության օր բառակապակցությունը նշանակում է, որ Հայաստանը առաջին անգամ իր անկախությունը հռչակել է 20 տարի առաջ: Այդ դեպքում, ստացվում է, որ մենք չենք ունեցել Հայկ նախահայր, Արշակունիների, Բագրատունիների հարստությունները եւ այլն: Հետեւաբար, ճիշտ կլինի սեպտեմբերի 21-ը անվանել ազգային ինքնորոշման օր»:
Նա նաեւ նշել է, որ Հայաստանի անկախության հռչակման շնորհիվ հնարավոր դարձավ ազատագրել Ղարաբաղը. «Ղարաբաղի մեջքին կանգնած էր անկախ Հայաստանը եւ դա ազատագրման երաշխիքն էր»:




























