Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը, սեպտեմբերի 19-ին, իր հավատարմագրերն է հանձնել Կանադայի Գեներալ նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գեներալ նահանգապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ եւ մաղթելով հաջողություն այդ պատասխանատու աշխատանքում, համոզմունք է հայտնել, որ Հայաստանի դեսպանն իր գիտելիքներով եւ դիվանագիտական փորձով կնպաստի հայ-կանադական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: «Կանադայի իշխանությունները բարձր են գնահատում տարբեր բնագավառներում Հայաստանի հետ աճող դաշնակցային եւ գործընկերային հարաբերությունները: Մեր ժողովուրդները հպարտ են իրենց մշակույթային եւ առեւտրային փոխգործակցության դրական ընթացքով: Ակնկալում ենք շարունակել ընդհանուր նպատակների իրագործմանն ուղղված մեր հետեւողական քայլերը միջազգային ասպարեզում, մասնավորապես` Ֆրանկոֆոնիայի կազմակերպության միջոցով»,- նշել է Գեներալ նահանգապետը:

Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում քննարկվել են հայ-կանադական հարաբերությունները քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարթություններում, առկա բարեկամական կապերի զարգացմանն եւ ընդլայնման հեռանկարները:Դեսպան Եգանյանը շնորհակալություն է հայտնել Հայոց Ցեղասպանության հարցում կանադական իշխանությունների որդեգրած սկզբունքային դիրքորոշման համար: