Հունաստանի իշխանությունները հերքել են եվրագոտուց դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնելու մասին լուրը: Այդ երկրի կառավարություն մամուլի ծառայության ներկայացուցիչ Անգելոս Տոլկասը հայտարարել է, որ օրինագիծը, որը նախօրեին ուղարկվել է խորհրդարան, ընդամենը սահմանում է հանրաքվեի պարամետրերը, բայց այնտեղ խոսք չկա եվրագոտուց դուրս գալու մասին, հաղորդում է Reuters-ը:
Սեպտեմբերի 19-ին, Հունաստանի միջազգային վարկատուները` Եվրամիությունն ու Արժույթի միջազգային հիմնադրամը, այդ երկրի իշխանություններին են ներկայացրել 15 կետից բաղկացած միջոցառումների ցանկ, որոնք թույլ կտան կրճատել բյուջեի դեֆիցիտը: Ըստ այդմ, Հունաստանը պետք է արագացնի այդ միջոցառումների կատարումը, որպեսզի հնարավորություն ունենա ստանալ 110 մլրդ դոլարի ֆինանսական օժանդակության հաջորդ չափաբաժինը:
Փաստաթղթի համաձայն, Հունաստանը պետք է կրճատի բյուջետային աշխատակիցների թիվը, նվազեցնի կամ գոնե սառեցնի պետական ծառայողների աշխատավարձերը եւ կրճատի առողջապահությանն ուղղված պետական ծախսերը:
Բացի այդ, ԵՄ-ն ու ԱՄՀ-ն, պնդում են, որ բարձրացվի ջերմային էներգիայի համար սակագները, վերացվի վնասով աշխատող պետական ձեռնարկությունները եւ արագացվի մասնավորեցման ծրագիրը:
Հանրաքվե անցկացնելու որոշումն ընդունվել է միջազգային վարկատու կառույցների, նաեւ Հունաստանի բնակիչների պահանջով, ոնոք դժգոհ են իրականացվող տնտեսական խիստ քաղաքականությունից:




























