Արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրման արգելքը Հայաստանի քաղաքացիներին կպաշտպանի փոխարժեքի տատանումների հետ կապված ռիսկերից։ ԱԺ-ում՝ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի երկրորդ եւ վերջնական ընթերցման քննարկման ժամանակ այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Գեւորգ Պապոյանը։
Այսօր նման ռիսկերը, ինչպես նշեց պատգամավորը, շատ ավելի մեծ են։ Պատճառը վարկավորման աճն է։ «Նախկինում տոկոսները բարձր էին, իսկ ծավալները՝ փոքր, եւ ամեն ինչ բավականին կառավարելի էր։ Սակայն այսօր ծավալները զգալիորեն ավելացել են»,- նշեց Պապոյանը։
Հիշեցնենք, որ իշխող խմբակցությունից պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, Նարեկ Գրիգորյանը եւ Արուսյակ Մանավազյանն առաջարկում են բանկերին եւ վարկային կազմակերպություններին պարտավորեցնել հիփոթեքային վարկեր տրամադրել ՀՀ քաղաքացիներին բացառապես ազգային արժույթով։ Միաժամանակ հիփոթեքային վարկերը ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կարող են տրվել նաեւ արտարժույթով։




























