Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ բոլոր հայերի համար 20-ամյա անկախությունը ուրախության եւ հպարտության աղբյուր է:

«Մեր ժողովրդի պատմության մեջ պետականությունը բեկումնային է լավ ապագայի համար: Դրանում մենք տեսնում ենք գոյատեւման համար հայերի պայքարի եւ ինքնության եւ անվտանգության պահպանման նրանց իրավունքը, որը բազմիցս վտանգվել է: Հույս ունենք, որ պետությունը կդառնա պլացդարմ ապագայի, զսպանակ` քաղաքական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական զարգացման համար»,-ասված է հայտարարության մեջ:

«Հայաստանը հիասքանչ երկիր է: Մենք չենք գիտակցում, թե որքան բախտավոր ենք, որ կարողացել ենք այդ հողերը պահպանել Հայոց Ցեղասպանությունից հետո եւ ազատագրել դրանք ամբողջատիրությունից: Այժմ մեր հերթն է` դարձնել երկիրը մեր ազգային հանճարի պահպանման օջախ եւ հայերի համար լավագույն վայրը աշխարհում»,-ասված է շնորհավորական ուղերձում:

Նշենք, որ Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում: 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախություն հռչակելու հարցով: Մոտ 2 միլիոն 50 հազար մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 94,99 տոկոսը «Այո» ասացին անկախությանը: Դեմ էր ընդամենը 10 հազար մարդ: Երկու օր անց Հայաստանի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն: