Անկախությունն իսկապես մեր ամենախոշոր ձեռքբերումն է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսից հետո:
Սեյրան Օհանյանը նշել է, որ այդ 20 տարիները հնարավորություն են տվել բոլոր քաղաքացիներին եւ ռազմական ինստիտուտներին դրսեւորել իրենց, եւ ի տարբերություն այլ պատմական ժամանակահատվածների` մեզ հնարավորություն են տվել խորությամբ գնահատել անվտանգության ոլորտը, անվտանգության ապահովման հարցերում համակարգել իշխանության բոլոր ճյուղերի գործունեությունը:
Այդուհանդերձ նախարարը նշել է, որ ԶՈՒ-ն դա միայն տեխնիկայի եւ անձնակազմի ցուցադրություն չէ շքերթների ժամանակ. «Դրանք միայն շքերթների համար չեն, այլ կարող են այդ ամենն ապացուցել գործնականում: Մենք շքերթներ անցկացնում ենք ոչ ամեն տարի, այլ միայն հոբելյանական տարիներին»:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ շեշտել է, որ հայ զինծառայողները ոչ միայն ապահովում են սեփական պետականության անվտանգությունը, այլեւ ներդրում են կատարում միջազգային անվտանգության ապահովման գործում:
Հարցին, թե ինչպիսի՞ն կլինի հայկական բանակը 20 տարի անց, Սեյրան Օհանյանը նշել է. «20 տարի հետո հայկական բանակը կլինի ավելի մարտունակ, կարգապահ եւ ավելի մեծ հնարավորություններ ունեցող պատրաստվածության եւ նոր տեսակի զենք ու զինամթերքի ձեռքբերման հարցում»:



























