Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված եկեղեցական պատարագը մատուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Պատարագը մատուցել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Պատարագին մասնակցել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, նախարարներ, պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, Կիլիկիո Մեծն Տան կաթողիկոս Արամ Ա-ն:
Ի դեպ, պատարագին մասնակցել է նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը:
Նշենք, որ Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում: 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախություն հռչակելու հարցով: Մոտ 2 միլիոն 50 հազար մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 94,99 տոկոսը «Այո» ասացին անկախությանը: Դեմ էր ընդամենը 10 հազար մարդ: Երկու օր անց Հայաստանի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն:
Տոնակատարություններն ավարտվելու են երեկոյան «Հերոսական բալլադով», որը կներկայացնի Հայաստանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը: Միջոցառումները կզարդարի աննախադեպ լազերային շոուն: Իսկ ավելի մեծ էֆեկտի համար Երեւանի կենտրոնում ջրային էկրաններ են դրվելու, բացի այդ ԱԳՆ-ի եւ կառավարության շենքերը կդառնան հսկայական էկրաններ:




























