Ռուսաստանի հայերի միությունը տարածել է հայտարարություն, որով Հայաստանի իշխանություններին կոչ է արել հրաժարվել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման գործընթացից։

Sputnik-ի փոխանցմամբ՝ սոցցանցերում ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ վավերացման մասին որոշումն ուղղված է հայոց պետականության շահերի եւ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղ բնակչության անվտանգության դեմ։ Այս անվտանգությունն այսօր Ռուսաստանն է երաշխավորում ու ապահովում, ընդգծել են ՌՀՄ-ում։

Կազմակերպությունն ակնկալում է, որ Հայաստանի Ազգային ժողովը քվեարկության ժամանակ կհենվի առաջին հերթին Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաեւ Ռուսաստանի շուրջ 3 միլիոնանոց հայ համայնքի շահերի վրա, որը տասնամյակների ընթացքում զգալի տնտեսական օգնություն է ցուցաբերում հանրապետության բնակչությանը:

«Հաշվի առնելով հանրային ընդվզումը՝ կարծում ենք, որ եւ՛ Հայաստանի քաղաքացիներին, եւ՛ Սփյուռքի հայերին հետաքրքիր կլիներ իմանալ ՀՀ վարչապետի եւ ՀՀ նախագահի դիրքորոշումը, որոնք կարող են հրապարակայնորեն արտահայտվել այս հարցի շուրջ»,- նշել են Ռուսաստանի հայերի միությունը։

Հայտարարության հեղինակները վստահ են, որ խնդիրը զուտ քաղաքական, այլ ոչ թե իրավական բնույթ է կրում՝ ի հեճուկս հավաստիացումների։ Ինչ վերաբերում է Հայաստանի ղեկավարության այն պնդմանը, թե նման որոշմամբ պայմաններ են ստեղծվում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ ՄՔԴ հնարավոր բողոքարկման համար, ապա ՌՀՄ-ն հիշեցնում է, որ Ադրբեջանը ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի մասնակից չէ։ Բաքուն, իրեն բնորոշ ձեւով, անտեսում է նման որոշումները, ինչպիսին, օրինակ, ՄԱԿ Միջազգային դատարանի մեկ ամիս առաջ ընդունված որոշումը, որը պարտավորեցնում էր բացել Լաչինի միջանցքը։

ՌՀՄ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին հավասարակշռված մոտեցում եւ ինքնուրույնություն ցուցաբերել ու վերանայել ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացման հարցը։

2022 թվականի վերջին Հայաստանի կառավարությունը սկսել է ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը՝ բացատրելով, որ Երեւանը նոր կարգավիճակով դատարանի առաջ կկարողանա բարձրացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի ու նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի եւ ռազմական հանցագործությունների հարցը։ 2023 թվականի մարտի 24-ին Հանրապետության Սահմանադրական դատարանը Հռոմի ստատուտը ճանաչել է որպես երկրի հիմնական օրենքին համապատասխան։

Իսկ մարտի 27-ին ՌԴ ԱԳՆ-ում ՏԱՍՍ-ի աղբյուրները հայտնել են, որ Մոսկվան ծայրահեղ բացասաբար է արձագանքել Հռոմի ստատուտին միանալու պաշտոնական Երեւանի ծրագրերին, եւ որ Երեւանը նախազգուշացվել է անցանկալի հետեւանքների մասին։ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը հնչել է ՌԴ ղեկավարության նկատմամբ ձերբակալության օրդեր տրամադրելու ՄՔԴ-ի որոշման ֆոնին։