Ադրբեջանում շարունակում են հնչեցնել անհիմն մեղադրանքներ Հայաստանի հասցեին։ Այս անգամ՝ իբր Հայաստանը «հրաժարվում է համագործակցել ականազերծման հարցում»։

«Այսօր նշվում է Ականների վտանգի հարցերով կրթման միջազգային օրը։ Նրանք, ովքեր անկանոն ականներ են տեղադրում եւ հրաժարվում համագործակցել դրանց վնասազերծման հարցում, այդ թվում եւ Հայաստանը, պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Մենք պետք է վերջ դնենք մարդկային մեծ կորուստներին այդ արարքների հետեւանքով»,- նշվել է Ադրբեջանի ՆԳՆ-ի թվիթերյան հրապարակման մեջ՝ Ականների վտանգի հարցերով կրթման միջազգային օրվա առիթով։

Հիշեցնենք, որ Բաքվում այդ կերպ «արդարացնում» են գերիներին չվերադարձնելը եւ այլ հանցագործություններ։ Այնինչ, գոյություն ունեցող ականային վտանգն Արցախում եւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին  ստեղծվել է հավասար չափով հենց Ադրբեջանի կողմից, էլ չենք ասում այն մասին, որ հակամարտությունն ինքը Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ քաղաքականության հետեւանքն է։ Ինչպես առաջին պատերազմի ժամանակ, այնպես էլ ավելի ուշ Ադրբեջանի ԶՈւ-ն ստեղծել է ականադաշտեր, իսկ հիմա պատասխանատվությունը դնում է հայկական կողմի վրա։