Մենք պետք է դիմենք միջազգային ատյաններին, որպեսզի Ադրբեջանի առջեւ դրվեն բազմաթիվ սանկցիաներ, եւ նրանք ստիպված լինեն բացել ճանապարհը։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
«Այլընտրանք չկա։ Կամ ռուսական կողմն է դիմում ուժի կամ մենք փորձում ենք դիմել միջազգային ատյաններին, հարցը տեղափոխում քաղաքական դաշտ։ Եթե մենք այդ անցակետով սկսեցինք օգտվել, առանց որեւէ խնդիր առաջադրելու, ուրեմն՝ վերջ։ Դրանից հետո էլ կասեն՝ անձնագիրդ ադրբեջանական չէ, չես կարող անցնել»,- ասաց Բաբայանը։
Սամվել Բաբայանին չի զարմացրել ադրբեջանական անցակետի տեղադրումը, քանի որ դա հենց ադրբեջանական գործելակերպ է։ Նա վստահ է, որ Ռուսաստանն անցակետի տեղադրման հարցում որեւէ մեղավորություն չունի։
«Դրա համար ես սրանից առաջ առաջարկում էի, որ Հակարիի կամրջից քիչ ներքեւ տեղադրեինք սկան անող սարքավորումը, որովհետեւ ադրբեջանական կողմի պնդումն այն է, որ զենք ենք տեղափոխում։ Իրենք այդ պատճառն էին նախապատրաստում, պետք է հասկանայինք։ Մենք ոչինչ չարեցինք, սպասեցինք մինչեւ իրենք գործեցին»,- նշեց Բաբայանը։
Սամվել Բաբայանի խոսքով՝ մենք պարտավոր ենք ունենալ նոր ճանապարհ, եւ նախքան դա կառուցելը պետք է ապահովվի անվտանգություն շինարարների համար։
«Արցախն իր անվտանգությունը եւ անկախությունը չի կարող վաճառքի դնել։ Եթե դուք որոշել եք դա անել, ռեֆերենդում առաջարկեք ժողովրդին ու տեսեք՝ ընդունում են։ Արցախի Հանրապետությունն այսօր հուսահատված է, որեւիցէ մեկի վրա հույս չի ուզում դնել, բայց չի հասկանում, որ հուսահատված բառապածարով ոչնչի չի հասնելու։ Պետք է ժողովրդի հետ խոսել, բացատրել առաջնային խնդիրները։ Մտածենք, որ ճանապարհը բացելուց հետո մարդիկ դուրս չգան, նորմալ բանակ ունենանք, որ զինվորին նայենք քեֆդ գա, ոչ թե մտածենք ինչ անենք՝ աշխատանքից չհանեն»,- ընդգծեց Բաբայանը։





























