Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների չվերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կարեւորագույն խնդիրներից է: Այդ մասին, հոկտեմբերի 3-ի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Մինասյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի իրավիճակ է ստեղծվել բանակցային գործընթացում նախընտրական շրջանում եւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ վերջին հանդիպումից հետո  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության արդյունքներով:

Նրա խոսքով, վերջին շրջանում շփման գծում լարվածությունը փոքր ինչ թուլացել է: Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը համոզվել է, որ Հայաստանի հետ ուժերը հավասարակշվում են, որին նպաստել է Երեւանում կայացած զորահանդեսը, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ գերտերությունները, եւ ՌԴ-ի պարագայում դա ակնհայտ է, չեն ընդունում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը: