Հազիվ թե ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքները լրջորեն խանգարեն երկխոսության վերսկսմանը: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքով, երկխոսության վերսկսման մասին առաջարկը կարող է քննարկվել նաեւ ներկա պահին` չնայած բանակցային խմբի անդամներ Դավիթ Հարութունյանը եւ Նաիրա Զոհրաբյանը գտնվում են արտերկրում:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավքները սկսվել են սեպտեմբերի 30-ին եւ տեւելու է մեկ շաբաթ:
Խոսելով «Բարգավաճ Հայաստան»-ի օժանդակությամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` քաղաքական դաշտ հնարավոր վերադարձի մասին` Բոստանջյանը նշել է. «Մեր կուսակցությունը կայացած քաղաքական ուժ է, իսկ վերոնշյալ թեմայով արդեն հայտատարությամբ հանդես է եկել ԲՀ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը իր հարցազրույցներից մեկում: Ես ոչինչ չունեմ հավելելու»,-հայտատարել է Վ. Բոստանջյանը:
Հիշեցնենք, որ այսօր հրապարակված հարցազրույցում Գ. Ծառուկյանը, պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին հարցին, հայտարարել է, որ նա «ունի քաղաքական եւ բարոյական իրավունք դա անելու համար»:



























