Հայաստանի երկրորդ նախագահը` երկրի այլ քաղաքացիների նման, իրավունք ունի մասնակցել երկրի քաղաքական կյանքին: Այդ մասին, սեպտեմբերի 3-ին, կայացած ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Մինասյանը` պատասխանելով ՌԴ-ում Մեդվեդեւ-Պուտին տանդեմի ենթատեքստում Ռոբերտ Քոչարյանի` քաղաքական ասպարեզ հնարավոր վերադարձի վերաբերյալ հարցին:
Վկայակոչելով Ռոբերտ Քոչարյանի խոսքերը եւ քաղաքական կյանքին մասնակցելու նրա իրավունքը` փորձագետը նշել է, որ երկրորդ նախագահի հայտարարության մեջ չէր զգացվում, որ վերջնական որոշում է ընդունվել: Ընդհանուր առմամբ, շատ բան կախված է քաղաքական գործընթացներից: Խոսելով ՀԱԿ-ի շուրջօրյա միտինգ անցկացնելու որոշման մասին Ս. Մինասյանը նշել է. «Հիմա մարտի 1-ի շարունակության իներցիա չէ, այլ նոր փուլ` նախընտրական պայքար»: Կանխատեսումներ չանելով` փորձագետը նշել է, որ քաղաքականության մեջ գործում է «երբեք մի ասա երբեք» սկզբունքը:



























