Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի կազմավորման 62-րդ տարեդարձի կապակցությամբ, այսօր` հոկտեմբերի 3-ին, այցելել է Հայաստանում ՉԺՀ դեսպանատուն:  

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահը տոնի կապակցությամբ հայ ժողովրդի եւ անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին  եւ  դեսպանատան անձնակազմին, բարեմաղթանքներ հղել նրանց եւ ի դեմս նրանց` Չինաստանի ամբողջ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՉԺՀ-ի հետ հարաբերություններն ու շահագրգռված է դրանց հետագա խորացմամբ: Դեսպան Թիան Չանչունը եւ ՀՀ նախագահը քննարկել են երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման, Հայաստանում չինական ընկերությունների կողմից ներդրումներ կատարելու հետաքրքրվածության հետ կապված հարցեր:

ՉԺՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախագահին` դեսպանատուն կատարած այցի եւ  ջերմ բարեմաղթանքների համար: