Սեպտեմբերի 1-ից զոհված զինծառայողներին տրվող տարաբնույթ դրամական օգնությունները ավելացվել են մոտ 21 տոկոսով: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը:

Ընդ որում` խոսքը վերաբերում է եւ Հայաստանի պաշտպանության ժամանակ զոհվածներին, եւ այն ժամկետային զինծառայողներին, որոնք զոհվել են խաղաղ պայմաններում:Զոհված զինծառայողների 5300 ընտանիքներին տրվող դրամական օգնության չափը սեպտեմբերի 1-ից սահմանվել է 30 հազ. դրամ` նախկին 10 հազ. դրամի փոխարեն, որին լրացուցիչ ավելանում է 20 հազ. դրամ յուրաքանչյուր  երեխայի համար: Եթե բոլոր օգնությունները ի մի բերվեն, ապա, ըստ Ա. Ասատրյանի, զոհվածի 1 ընտանիքը, որտեղ կա ծնող, կին, երեխա, կստանա ամսական 155 հազ. դրամ (ներառյալ աշխատանքային կենսաթոշակը):

Ա. Ասատրյանի տեղեկացմամբ` ներկայում ընթանում են նպաստ ստացողների ճշգրտման աշխատանքներ, նպաստառուները պետք է տեղեկանքներ ներկայացնեն պաշտպանության նախարարությունից կամ այլ իրավասու գերտեսչությունից: Հոկտեմբերի 1-ի դրությամբ այդպիսի տեղեկանքներ ներկայացրել է 1500 ընտանքիք, սակայն փոխնախարարը հավաստիացրեց, որ գործընթացը շարունակվում է: