Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը բաց նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, ով մոտ օրերս այցելելու է Թբիլիսի եւ ներկայացրել Ջավախահայության խնդիրները:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
Մեծարգո պարոն Սարկոզի,
2011թ. հոկտեմբերի 6-7 Հարավային Կովկասի երկրներ նախատեսվող Ձեր այցի կապակցությամբ ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել Ջավախքի խնդիրների վրա: Հայաստանին ու Թուրքիային սահմանակից Վրաստանի հարավ-արեւմտյան հայաբնակ այս երկրամասում հետզհետե սրվում է հումանիտար իրավիճակը:
Վրաց իշխանությունները, կոպտորեն ոտնահարելով մարդու եւ ազգային փոքրամասնությունների պաշտպանության բնագավառում ստանձնած միջազգային պարտավորությունները, նորանոր քայլեր են ձեռնարկում ջավախքահայության քաղաքական, քաղաքացիական, լեզվակրթական, կրոնական եւ մշակութային իրավունքների սահմանափակման ուղղությամբ: Այսպես՝ հետզհետե խստացվում է Ջավախքի հասարակական-քաղաքական գործընթացների նկատմամաբ վրաց ուժային կառույցների վերահսկողությունը, սահմանափակվում են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, կեղծվում են ընտրությունները: Գնալով սահմանափակվում է հանրային կյանքում մայրենի լեզուն օգտագործելու հայ բնակչության իրավունքը: Վրացերենի իմացության բարելավման պատրվակով միջոցներ են ձեռնարկվում հայկական դպրոցների վրացականացումն արագացնելու ուղղությամբ, անօրինական կերպով աշխատանքից են ազատվում հայ ուսուցիչները:
Այս գործընթացների դեմ Ջավախքի բնակչության արդարացի եւ խաղաղ բողոքի դրսեւորումներին վրաց իշխանությունները փորձում են հակադարձել սադրանքների եւ անօրինական գործողությունների միջոցով: Այսպես, 2008թ. հուլիսին ձերբակալվեց եւ մի շարք շինծու մեղադրանքների հիման վրա 10 տարվա ազատազրկման դատապարտվեց Ջավախքի հայազգի քաղաքական գործիչներից մեկը` Վահագն Չախալյանը, որը հետեւողականորեն քննադատում էր ջավախքահայության նկատմամբ վրաց իշխանությունների քաղաքականությունը:
Վերոնշյալ գործընթացները հետզհետե ավելացնում են վրաց իշխանությունների նկատմամբ Ջավախքի բնակչության հիասթափության եւ դժգոհության տրամադրությունները, ինչը մեծացնում է տարածաշրջանի կոնֆլիկտային պոտենցիալը:
Վրաց իշխանություններն այսօր հայտարարում են, որ Եվրամիությանն անդամակցելը հանդիսանում է Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ նպատակներից մեկը: Սակայն Սաակաշվիլիի վարչակարգի կողմից իր երկրի հայազգի քաղաքացիների նկատմամբ որդեգրած գործելաոճը հակասում է հիմնական եվրոպական չափանիշներին, ինչը նշվում է բազմաթիվ փորձագետների կողմից եւ արտացոլված է համապատասխան միջազգային կազմակերպությունների զեկույցներում: Այս պարագայում, վրաց իշխանություններին ուղղված մարդու եւ ազգային փոքրամասնությունների իրավունքները հարգելու եվրոպական երկրների հորդորները կարող են լուրջ դրական ներգործություն ունենալ:
Արդ, մենք դիմում ենք Ձեզ՝ ի թիվս այլ հարցերի Ձեր վրաց պաշտոնակցի առջեւ Վրաստանի հայ համայնքի խնդիրները բարձրացնելու խնդրանքով: Վրաստանի իշխանությունները պետք է ստանան հստակ ուղերձ առ այն, որ եվրոպական կառույցներին ինտեգրվելու ձգտումներն անհամատեղելի են իրենց երկրի հայազգի քաղաքացիների օրինական իրավունքների կոպիտ ոտնահարման քաղաքականության հետ, եւ հակառակը, հայ փոքրամասնության խնդիրների լուծումը միմիայն նպաստելու է Վրաստանի հետագա կայացմանն ու զարգացմանը, տարածաշրջանային կայունության ամրապնդմանը»:



























