Հայաստանն ապրում է նախընտրական շրջանում, երբ ամեն քաղաքական ուժ ավելի հստակ է դարձնում իր ռազմավարությունը եւ փորձում իր գաղափարները ներկայացնել ժողովրդին: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսում, նշեց ՀՀԿ փոխնախագահ, համանուն խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, գնահատելով շաբաթների քաղաքական իրադարձությունները:
Նրա խոսքով, կան քաղաքական ուժեր, որոնք գնում են ժողովրդի մոտ, որպեսզի նրան փոխանցեն իրենց նախընտրական գաղափարները, կան նաեւ այնպիսիք, որոնք ժողովրդին են իրենց մոտ կանչում, որպեսզի փոխանցեն իրենց գաղափարները:
«Նախընտրական տարվա կոնտեքստում, ես իրավիճակը երկրում դրական եմ գնահատում: Եթե գործընթացներն այսպես շարունակվեն, ես վստահ եմ, որ մենք շատ լավ ընտրություններ կանցկացնենք` շատ դերակատարներով»,- ասաց Սահակյանը:
Հարցին, թե իր կարծիքով, ո՞ր քաղաքական ուժերը կհայտնվեն ապագա խորհրդարանում, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Խորհրդարան կանցնեն հիմնական կուսակցությունները, սակայն պետք է նշել, որ դեռ բոլոր խաղացողները չէ, որ հայտնի են: Բնական է, որ խորհրդարան կանցնի ՀՀԿ-ն, ԲՀԿ-ին, ՕԵԿ-ը, շանսեր ունի ՀՅԴ-ն: Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», այստեղ չի կարելի միանշանակ բան ասել: Ինձ համար դա փոքրիկ եւ անհասկանալի թիմ է: Հայ ազգային կոնգրեսը ունի ԱԺ-ում հայտնվելու որոշակի շանսեր: Այնպես որ խորհրդարանը կձեւավորվի եւ այնտեղ կլինեն ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր բլոկներ»:




























