Երեւանում, ժամանակակից միջազգային չափորոշիչներին համապատասխան համատեղ բժշկական կենտրոն ստեղծելու ծրագրին առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ «Նովեկ Գրուպ» ընկերության ղեկավար Ժիրայր էպոյանի, վերջինիս հրավերով Երեւանում գտնվող կորեական «M-TECH» կորպորացիայի նախագահ Դ.Ռ. Պարկի, «YOUNG WOO» կորպորացիայի նախագահ Ջանգ-Իլ Սոյի, «DAE SUNG» ինժիներական եւ հետազոտական ՍՊԸ գործադիր տնօրեն Դո-Հան Կիմի հանդիպման ժամանակ։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացնելով առողջապահության ոլորտում Երեւանի քաղաքապետարանի ծրագրերը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է տարածաշրջանում բարձրակարգ կլինիկաների անհրաժեշտությունը: «Առավել քան վստահ եմ, որ բժշկությունը լուրջ բիզնես տրամաբանություն ունի եւ, նկատի առնելով, որ այս ասպարեզում շուկան միայն Երեւանով չի սահմանափակվում, համոզված եմ, որ ոլորտում ներդրում կատարող մեր գործընկերների բիզնես սպասումները վստահաբար կարդարացվեն»։
Երեւանի քաղաքապետին ներկայացնելով իրենց ուսումնասիրությունների նախնական արդյունքները՝ կորեացի մասնագետները նշել են , որ թեեւ անելիքները քիչ չեն, այդուհանդերձ իրենք տպավորված են ոլորտը կատարելագործելուն ուղղված հայկական կողմի ջանքերով եւ համատեղ ծրագրերին օժանդակելու քաղաքապետարանի պատրաստակամությամբ։
Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն «Նովեկ Գրուպն» առաջիկայում արդեն ներդրումային կոնկրետ ծրագիր կներկայացնի։




























