Մի խումբ եվրոպաբնակ հայեր այսօր՝ հուլիսի 4-ին, Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել և նամակ փոխանցել գրասենյակին՝ ուղղված Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։

«Մենք ընկերներով՝ եվրոպաբնակ հայերով, որոնք հարկեր են այնտեղ վճարում, որոշեցինք, որ մենք պետք է մեր ձայնը բարձրացնենք և անհամաձայնությունը հայտնենք այն գործընթացներին, որոնք հիմա տեղի են ունենում ԵՄ քավորությամբ. Հայաստանի և Արցախի շահերի ոտնահարում: Նրանք փաստացի պաշտպանում են Ադրբեջանի շահերը»,- ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Գերմանիայի քաղաքացի, հայ բժշկուհի Արփինե Քոչարյանը։

»Որպես այնտեղ բնակվող հայեր ու այնտեղի հարկատուներ, նամակ ենք կազմել, և քանի որ ես հիմա Հայաստանում եմ, որոշեցվինք այստեղ հանձնել այդ նամակը», -ասաց նա:

Նամակը, ըստ նրա, վերաբերում է արցախահայության շահերին. «Նամակը հիմնականում վերաբերվում է խաղաղության պայմանագրին և Արցախին, որում, ոնց մենք հասկանում ենք՝ Արցախի շահերի, արցախահայության շահերի մասին տող չկա։ Գրել ենք, որ այս պայմաններում սա ցեղասպանություն է, էթնիկ զտում, և ԵՄ-ի նման հաստատությունը չպետք է քավոր կանգնի այս ցեղասպանական պայմանագրին։ նաեւ նշել ենք, որ դրանով Հայաստանը մնում է անպաշտպան, և դա նաև մի օր դառնալու է ԵՄ-ի խնդիրը։ Եթե կյնքը յնպես դասավորվի, որ մարդիկ չկարողանան ապրել Արցախում և Հայաստանում, ԵՄ-ում նոր փախստականներ են ավելանալու։ ԵՄ-ի բնակիչներն էլ պետք է իմանան, որ նոր բեռ է սպասվում իրենց, և դրա դեմը պետք է առնել»,-ասաց գերմանաբնկ հայուհին:

Նշվեց, որ Շառլ Միշելին հասցեագրված նամակը ստորագրել են 1221 եվրոպահայեր։