Ուկրաինայի հյուծիչ հակահարձակման առաջին երկու շաբաթվա ընթացքում, ամերիկյան եւ եվրոպական պաշտոնատար անձանց տվյալներով, վնասվել կամ ոչնչացվել է մարտադաշտ ուղարկված սպառազինությունների 20 տոկոսը։ Դրանց մեջ են մտնում նաեւ արեւմտյան մարտական մեքենաները՝ տանկերը եւ զրահագնացները, որոնցով ուկրաինացիները հույս ունեին հաղթել ռուսներին, գրել է The New York Times-ը։

Պաշտոնատար անձանց խոսքով՝ հաջորդ շաբաթներին կորուստների ցնցող մակարդակն իջել է՝ հասնելով մոտ 10 տոկոսի, ինչը թույլ է տվել պահպանել զորքերի եւ մեքենաների մեծ մասը, որոնք անհրաժեշտ են խոշոր հարձակման համար, որը, ըստ ուկրաինացիների, դեռ առջեւում է։

Որոշ բարելավում տեղի է ունեցել շնորհիվ այն բանի, որ Ուկրաինան փոխել է մարտավարությունը՝ կենտրոնանալով ռուսական զորքերի ուժասպառման վրա հրետանով եւ հեռահար գործողության հրթիռներով, այլ ոչ թե ականադաշտերում եւ հակառակորդի կրակի տակ։

«Սակայն այս լավ նորությունների հետեւում թաքնված են որոշ մռայլ իրողություններ։ Կորուստները դանդաղել են նաեւ այն պատճառով, որ հակահարձակումն ինքն է դանդաղել, իսկ տեղ-տեղ անգամ կանգ է առել, քանի որ ուկրաինացի զինվորները ստիպված են  պայքարել հզոր ռուսական պաշտպանության դեմ։ Եվ չնայած կորուստներին՝ ուկրաինացիներն առայժմ գրավել են 60 մղոնից ընդամենը 5-ը, որոնք հույս ունեն հաղթահարել, որպեսզի դուրս գան դեպի ծով հարավում եւ ռուսական զորքերը բաժանել երկու մասի»,- նշել է ամերիկյան պարբերականը։

Ռուսաստանը հակահարձակմանը պատրաստվելու համար երկար ամիսներ ուներ, եւ ճակատը պատված է ականներով, տանկային ծուղակներով եւ խրամատավորված զորքերով, իսկ գլխավերեւում ավելի հաճախ են թռչում ռուսական հետախույզ անօդաչուներն ու մարտական ուղղաթիռները, գրել է պարբերականը։

Այս բոլոր ամրացումները հաշվի առնելով, փորձագետների կարծիքով, զարմանալի չէ, որ Ուկրաինան բավական լուրջ կորուստներ կկրի սկզբնական փուլում։

Խնդիրներն ակնհայտ են դառնում Ուկրաինայի հարավի գյուղատնտեսական դաշտերում, որտեղ իրականացվում է հակահարձակման հիմնական մասը։ Այնտեղ Bradley մարտական մեքենաները, որոնք այդքան ցանկանում էին ունենալ ուկրաինացիները, ամեն օր պայթում են հակատանկային ականներից, ասում են այդ մեքենաներում կռված զինվորները։