Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ընթացքում ամիսներ շարունակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խնամքով հարաբերություններ հաստատելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ երևույթին, որոշել է «թարգել» այդ գործը, գրում է Daily Beast-ը։
Միայն վերջին շաբաթվա ընթացքում Էրդողանը հրաժարվեց դեմ հանդես գալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, ինչն, անկասկած, կզայրացնի Պուտինին, և հայտարարեց Եվրոպական միություն մտնելու Թուրքիայի շահագրգռվածության և ջաների աշխուժացման մասին։
Նա նաև Ստամբուլում ընդունեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և օգնեց Ուկրաինա վերադարձնել «Ազովստալի» ուկրաինական մարտիկներին՝ հրաժարվելով նրանց մինչև պատերազմի վերջը Թուրքիայում պահելու մասին Անկարայի և Մոսկվայի պայմանավորվածությունից։
Պարբերականն ընդգծում է, որ վերջին շաբաթվա ընթացքում Պուտինի հասցեին արված վիրավորանքների շարքը հաջորդել է Կրեմլի դեմ Եվգենի Պրիգոժինի և նրա գլխավորած «Վագներ» ՄՌԿ-ի ձախողված խռովությանը։ Խռովությունը չհաջողվեց, բայց Պուտինի իշխանությունը սասանվեց, ինչը, ըստ երևույթին, ստիպեց Էրդողանին կասկածի տակ առնել Պուտինի հետ իր կապը և հակվել Արևմուտքի, որպես ՆԱՏՕ-ի խոշորագույն անդամներից մեկի, հետ գործընկերությանը։
Շվեդիայում Թուրքիայի նախկին դեսպան Սելիմ Կուներալպի կարծիքով, չնայած ամբողջ այն աշխատանքին, որ արել է Էրդողանը Պուտինի և արևմտյան երկրների հետ հարաբերությունների հաստատման համար Ուկրաինայում պատերազմի ընթացքում, ձախողված հեղաշրջումից հետո Էրդողանն, ամենայն հավանականությամբ, իր կապերը բազմազան դարձնելու միջոց է փնտրում։
«Էրդողանը, հավանաբար, դա Պուտինի ուժի նշան չի համարում, ավելի շուտ՝ հակառակը․- հայտարարել է Կուներալպը The Daily Beast-ի հարցազրույցում։- Նա կարծում է, որ, ի վերջո, նա ստացել է այն ամենն, ինչ կարող էր ստանալ Պուտինից։ Պուտինը նախկինից ավելի թույլ վիճակում է, ուստի, հնարավոր է, որ նա այնքան էլ լավ իրավիճակում չէ թուրքական տնտեսությանը նյութական աջակցություն ցույց տալու համար և այլն։ Այնպես որ, թերևս, նա այլ ուղիներ է փնտրում»։
Դեպի Արևմուտք շրջվելու որոշումը կարող է ավելի շատ պայմանավորված լինել Պուտինից հեռավորություն պահպանելու ցանկությամբ, քան կոնկրետ և անհապաղ քաղաքական արդյունքների ձեռքբերմամբ։
Տողերի արանքում կարդալով՝ պարզ է դառնում, որ Պուտինը շարունակելու է փորձել հենվել Էրդողանի վրա, որը վերջին մի քանի օրվա ընթացքում Պուտինի վրա ազդեցության լրացուցիչ լծակ է ձեռք բերել, կարծում է թուրքական նախկին դիվանագետ Սինան Ուլգենը։
«Ասիմետրիկությունը հօգուտ Էրդողանի է, քանի որ հիմա Պուտինը Էրդողանի կարիքն ավելի է զգում, քան առաջ, այն առումով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ երկիրն է, որը Ռուսաստանի հետ բարձր մակարդակով քաղաքական երկխոսություն է վարում, որը պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ։ Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ երկիրն է, որ իր օդային միջանցքը բաց է պահում Ռուսաստանի համար,- ասել է Ուլգենը։- Արևմտյան աշխարհին և Թուրքիային այդ հասանելիությունը կենսականորեն կարևոր է ռուսաստանյան ղեկավարության համար, և հենց դա է թույլ տալիս Էրդողանին գործել այնպես, ինչպես չէր կարող նա անել նախկինում»։
Իսկ այն, որ Էրդողանն իսկապես ԱՄՆ-ից F-16 կործանիչներ է ուզում ստանալ, նախկինի պես մազից է կախված, ընդգծում է պարբերականը։





























