Հարավաֆրիկյան կողմի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոզայի հեռախոսազրույցը, շաբաթ տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Վլադիմիր Պուտինն ու Սիրիլ Ռամաֆոզան պայմանավորվել են նաև գագաթնաժողովի ընթացքում առանձին հանդիպում անցկացնել՝ երկկողմանի և միջազգային օրակարգի հարցով կարծիքների հանգամանալից փոխանակման համար։ ՀԱՀ նախագահը տեղեկացրել է օգոստոսի 22-24-ը Յոհանեսբուրգում նախատեսված ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նախապատրաստման մասին»,- ասվում է հաղորդման մեջ։

Նախագահները քննարկել են նաև ստամբուլյան փաթեթային պայմանավորվածությունները։ «Ստամբուլյան փաթեթային պայմանավորվածությունների քննարկման ընթացքում Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ մինչ օրս անկատար են մնում Ռուսաստան-ՄԱԿ համապատասխան հուշագրում արձանագրված, ռուսաստանյան պարենամթերքի և պարարտանյութերի արտահանման խոչընդոտները վերացնելու մասին  պարտավորությունները։ Ավելին, գործարքի գլխավոր նպատակը, այն է՝ կարիքավոր երկրներին, այդ թվում աֆրիկյան մայրցամաքում, հացահատիկի մատակարարումներն այդպես էլ չեն իրականացվել»,- ընդգծել է մամուլի ծառայությունը։

ՀԱՀ նախագահը շնորհակալություն է հայտնել աֆրիկական մի շարք պետությունների ղեկավարների և ներկայացուցիչների Սանկտ-Պետերբուրգ հունիսյան այցի ընթացքում ջերմ ընդունելության և Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորման հնարավոր ուղիների մասին կառուցողական զրույցի համար։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, «աֆրիկյան խաղաղ նախաձեռնության քննարկումը շարունակվելու է հուլիսի վերջին կայանալիք Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովում»։

Առաջնորդները հաստատել են տարբեր ասպարեզներում համագործակցոթյան ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։