Այստեղից չենք գնալու, մինչեւ Նիկոլ Փաշինյանը մեզ չընդունի. թե մեկ շաբաթ կտեւի, թե 10 օր կտեւի, մենք պետք է տեսնենք իրեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը: Նրանք փակել են Բաղրամյան պողոտան:

«Ինձ թվում է՝ մենք շատ ժամանակ չենք խլի իրենից, մեզ հետաքրքրող երկու հարց կա՝ մեր տղերքի հարցը, որ անհայտ բացակայող են եւ ձգձգվող դատական պրոցեսը: Դատական պրոցեսից ակնկալիքը այնպիսին է, որ իրենք չեն ուզում պատիժներ կիրառել: 35 տղաներ անհետ կորած են ու Անդրանիկ Մակարյանն (խոսքը ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի մասին է - խմբ) անգամ կալանքի տակ չէ: Երեւի բարեկամական կապ կա վարչապետի հետ, ես չգիտեմ: Մենք ուզում ենք, որ հետեւողական լինեն դատական պրոցեսին, հաճախ լինի, վկաները գան, պատմեն՝ ոնց է եղել»,-ասաց նա:

Անհետ կորածի մոր խոսքով ամենաահավորն այն է, որ իրենք չգիտեն, թե որտեղ են իրենց որդիները, ինչ կարգավիճակում են. «Խծաբերդից գերեվարվածներին Ադրբեջանը համարեց ահաբեկիչ, բա պատերազմի ընթացքում գերեվարվածներ չունե՞նք մենք, ռազմագերիներ չունե՞նք: Ռազմի դաշտում գերի ընկածներն ո՞ւր են:

Ամեն տեղ մեզ ասում են՝ շխատում ենք: Բա ե՞րբ է այդ աշխատանքը վերջանալու, նրանք  պարզապես չեն աշխատում: Երեկ ասուլիսում քննարկում էին սմբուկի ու բամիայի հարցը, ուրեմն էս տղերքի հարցը թողել, ընկել էին բադրջանի հետեւի՞ց: Մենք բավականին շատ անհետ կորածներ ունենք»,-ասաց կինը:

Նշենք, որ ակցիային մասնակցում են Էջմիածնի N զորամասի («քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի  պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել: