Եթե ինքը (Նիկոլ Փաշինյանը - խմբ) մեկ շաբաթվա ընթացքում մեկ ժամ չունեցավ մեզ լսելու, մենք էլ ոչ մի զիջումների չենք գնալու։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ նշեց անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը:

«Իր տղան, որ գերի լիներ, երկու ժամ էլ չէր թողնի այնտեղ մնար, մեր երեխաների համար ինքը ժամանակ չունի։ Մեր երեխաները իրեն բացարձակ հետաքրքիր չեն։ Այդ ինչպես եղավ, որ իր ընտրություններից 5 օր առաջ 15 հոգու բերեցին, ընտրություններից հետո 10 հոգու բերեցին։ Հետո կասի Ալիևը չի թողնո՞ւմ, բա ոնց տվեց, թե իրեն էր այդպես պետք։ Ինքը պարզապես դրանով չի զբաղվում: Թող պատճառներ չբռնեն, թե Ալիեւը չի տալիս: Ուզող է պետք, եթե ուզող լինի, ԱԼիեւը կտա»,-ասաց նա:

Անհետ կորածի մայրը հայտարարեց, որ շարունակելու են մնալ այստեղ ու փակել ճանապարհը այնքան, մինչեւ իրենց լսող լինի:

Նշենք, որ ակցիային մասնակցում են Էջմիածնի N զորամասի («քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի  պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:

Նրանք փակել են Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկը եւ պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք մեկ շաբաթ առաջ էին Նիկոլ Փաշինյանի հանդիպելու պահանջով բողոքի ակցիա արել։ Փաշինյանը նրանց, սակայն, այդպես էլ չէր ընդունել։