Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Vida Nueva կաթոլիկական շաբաթաթերթի հարցազրույցում տեղեկացրել է, որ մտածում է երեխաներին Ուկրաինա վերադարձնելու գծով ներկայացուցիչ նշանակելու մասին։

«Կարդինալ Մաթեո Ձուպին [Հռոմի Ֆրանցիսկոս պապի նվիրակն Ուկրաինայի կարգավորման գծով] ջանասիրաբար աշխատում է որպես բանակցող։ Ամենազգալի առաջընթացը, որը ձեռք է բերվել, վերաբերում է իրենց երկիր ուկրաինացի երեխաների վերադարձին։ Մենք հնարավոր ամեն ինչ անում ենք, որպեսզի ընտանիքի յուրաքանչյուր անդամ, որը պահանջում է իր երեխաների վերադարձը, կարողանա հասնել դրան,- նշել է Հռոմի պապը։- Այդ առնչությամբ ես մտածում եմ (Վատիկանի) մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին, որը հանդես կգա որպես կապող օղակ ռուսական եւ ուկրաինական իշխանությունների միջեւ»։

Հովվապետը նաեւ հավաստիացրել է, որ կարդինալ Ձուպին, որը առաքելության շրջանակում ավելի վաղ այցելել էր Կիեւ, Մոսկվա եւ Վաշինգտոն, կմեկնի Պեկին։ «Կարդինալ Ձուպիի Վաշինգտոն այցից հետո նախատեսված հաջորդ կանգառը Պեկինն է, քանի որ երկուսն էլ [ԱՄՆ-ն եւ Չինաստանը] կարող են նպաստել լարվածության թուլացմանը։ Այս բոլոր նախաձեռնությունները ես անվանում եմ «խաղաղ հարձակում»,- ասել է նա։

Ձուպիի, որը գլխավորում է իտալացի եպիսկոպոսների կոնֆերանսը, առաքելության կենտրոնում հումանիտար ասպեկտներն են։ Կիեւը հրաժարվել է Վատիկանի միջնորդական դերից խաղաղ կարգավորման հարցում, բայց դիմել է Սուրբ աթոռին օգնության համար ռազմագերիներին եւ ուկրաինացի երեխաներին վերադարձնելու հարցում, որոնք հայտնվել են մարտական գործողությունների գոտում եւ տարվել են Ռուսաստան։ Ինչպես ավելի վաղ ասել էր Ձուպին, մշակվում են ցուցակների փոխանակման մեխանիզմներ։ Այդ հարցերը նա սկզբում քննարկել է Կիեւում, հետո Մոսկվայում, որտեղ հունիսի վերջին հանդիպել է Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքական հարցերի գծով օգնական Յուրի Ուշակովի, երեխայի իրավունքների լիազոր Մարիա Լվովա-Բելովայի, ինչպես նաեւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ։