Ուրբաթ բրիտանական հետախուզության ամենօրյա զեկույցը նվիրված է Դանուբ գետի ուկրաինական նավահանգիստների վրա հարձակումներին, որոնք Ռուսաստանը սկսել է իրականացնել հացահատիկի գործարքից դուրս գալուց հետո, գրում է BBC-ն։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Ռուսաստանը մի քանի հարձակում է իրականացրել Դանուբ գետի ուկրաինական նավահանգիստների վրա՝ օգտագործելով իրանական անօդաչու սարքեր, գրում են զեկույցի հեղինակները։

Այսպիսով, Ռուսաստանի իշխանությունները, ըստ երեւույթին, ցանկանում են ստիպել միջազգային նավագնացային ընկերություններին դադարեցնել արտահանումն այդ նավահանգիստներով։

Անօդաչու սարքերը հարձակվել են Ռումինիայի սահմանից մինչև 200 մետր հեռավորության վրա գտնվող թիրախների վրա։ Սա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը ավելի հաճախ է պատրաստ ռիսկի դիմել՝ հարձակումներ իրականացնելով ՆԱՏՕ-ի տարածքի մոտակայքում:

Հնարավոր է, որ Ռուսաստանն անօդաչու սարքեր է օգտագործում տարածքում հարվածներ հասցնելու համար՝ համարելով, որ էսկալացիայի ռիսկն այս դեպքում ավելի ցածր է, քան թեւավոր հրթիռների կիրառման դեպքում, ասվում է զեկույցում։ Ռուսաստանը, հավանաբար, նման առաջադրանքների համար ընդունելի է համարում անօդաչու սարքերի ճշգրտությունը, իսկ անօդաչուների մարտագլխիկը զգալիորեն փոքր է հրթիռներից։