Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի մամուլի քատուղար Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ պատի կառուցման մասին տեղեկությունները:

Հիշեցնենք, որ այդ տեղեկությունը տարածել էր ANS PRESS-ը, ըստ որի երեք մետր բարձրությամբ պատը կառուցվում է  պետության հաշվին,  որպեսզի «ադրբեջանական գյուղերի բնակիչներին պաշտպանի հայկական գնդակներից»: Շինարարությունն սկսվել է 7 ամիս առաջ: Պատը Քարվանդ գյուղից  կձգվի  Թարթառի շրջանով, ընդհանուր երկարությունը կազմելու է  2 700 մետր, հաղորդում է աղբյուրրը:

Մեկնաբանելով այս հրապարկումը` Բաբայանն ասել է,  որ տեղեկությունը ոչ հերքող, ոչ հաստատող  տվյալներ չունի: Բաբայանի կարծիքով` նման նախաձեռնությունն ունի թե դրական, թե բացասական կողմեր: «Ինչ-որ իմաստով այն կարելի է ողջունել, քանի որ այդպիսի պատը սահմանին ավելի հստակ ձեւ կտա»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Միաժամանակ նա նկատեց, որ նման պատը կարող է օգտագործվել որպես  դիպուկահարների թաքստոց, ինչը վատ է: Ամեն դեպքում, եթե ադրբեջանցիներին հանգիստ չի տալիս չինական շինարարական կառույցի փառքը, ապա դա նրանց գործն է: «Կարեւորն այն է, որ նախաձեռնությունը նպաստի խաղաղությանը, ոչ թե հակառակը»,-ընդգծեց Բաբայանը: