Աբխազիան եւ Հարավային Օսիան կարող են միանալ Ռուսաստանին, եթե դրա պատճառները լինեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
«Մեզ պետք չէ 2008 թվականի պատմության կրկնություն։ Մենք նախկինի պես պատրաստ ենք խնդիրները լուծել բանակցային սեղանի շուրջ՝ ՄԱԿ-ի կանոնադրության ոգով։ Ռուսաստանին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միանալու գաղափարը դեռ տարածված է։ Դա միանգամայն հնարավոր է իրագործել, եթե դրա համար հիմնավոր պատճառներ առաջանան»,-ասել է նա։
Մեդվեդեւը նշել է, որ Մոսկվան այն ժամանակ գործում էր ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան, եւ «օդիոզ Սաակաշվիլիի ռեժիմը կոշտ եւ արագ հակահարված ստացավ»:
Մեդվեդեւի խոսքով՝ պատերազմ չէր լինի, եթե չլիներ Օսիայի հետ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Սաակաշվիլիի որոշումը:
Վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ՝ Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ Միխայիլ Սարջվելաձեն նշել է, որ Մեդվեդեւի հայտարարությունը կտրականապես անընդունելի է:
Միխայիլ Սարջվելաձեի խոսքով՝ Վրաստանը երբեք չի հաշտվի իր տարածքների օկուպացիայի հետ եւ կկարողանա խաղաղ ճանապարհով վերադարձնել տարածքները:
Սարջվելաձեին հարցրել են, թե ինչպիսին կլինի իշխանությունների արձագանքը այդ հայտարարությանը։ «Պատասխանը ենթադրում է խաղաղ լծակների եւ ուղիների օգտագործում Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Վաղ թե ուշ այդ գաղափարը կարող է իրագործվել»,-ասել է նա։




























